National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.10.2006
Ազգային ժողովի նիստում` բնապահպանական խնդիրներ

Հոկտեմբերի 2-ի` Ազգային ժողովի քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու մասին ԱԺ որոշման եւ հոկտեմբերի 2-5-ի նիստերի օրակարգի քննարկմամբ: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ մերժեցին «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում ներառելու մասին ԱԺ որոշման նախագիծը. բնականաբար օրինագիծը չներառվեց նաեւ քառօրյա նիստերի օրակարգում:

Նախորդ նիստում ընդհատված «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի նախագիծը եւ այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխություններն ու լրացումները քննարկելուց հետո ԱԺ պատգամավորներն անդրադարձան առաջին ընթերցման ներկայացված «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրինագծին:

Ըստ հիմնակա ն զեկուցող` ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի`  ներկայացված օրինագիծը ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման եւ պահպանության հեռանկարային զարգացման հիմնական փաստաթուղթն է լինելու: Այնտեղ տրված են ՀՀ ջրային ռեսուրսների դասակարգման եւ գնահատման չափանիշները, մակերեւութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների ընդհանուր պաշարի մեծությունները, նկարագրված են ապագայում ազգային ջրային պաշարի պահպանմանն ու ավելացմանը, ջրային ռեսուրսների կառավարման արդիականացմանն ուղղված գործողությունները: Նախագծում տրվել է ջրային համակարգերի դասակարգումը ըստ գործառնական նշանակության, կարեւորության, հնարավոր վթարի վտանգավորության աստիճանի, պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկը, ներկայացված են ջրային ոլորտում ծառայությունների մատուցման սկզբունքները, ջրօգտագործման տարբեր ոլորտների գերակա խնդիրները: Օրենքի նախագծում արտացոլված է ջրային ռեսուրսների առաջարկի ռազմավարությունը` նկարագրելով ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման ներկա իր ավիճակը եւ ուրվագծված են ջրերի արդյունավետ օգտագործման ապագա միտումները:

Ներկայացնելով գլխադասային` սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը` հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը նշեց մի շարք թերություններ, ներկայացրեց առաջարկներ` հույս հայտնելով, որ դրանք կներառվեն օրինագծում մինչեւ երկրորդ ընթերցում: Պարոն Պետրոսյանն առաջարկեց նաեւհավելվածի մի շարք դրույթներ ներառել օրենքում:

Կարեւորելով քննարկվող նախագիծը` ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն նույնպես առաջարկեց հավելվածները ներառել օրենքում եւ ջրային ռեսուրսների տնօրինման հետ կապված միջոցառումները կարգավորել ոչ թե գործադիր մարմնի, այլ Ազգային ժողովի համապատասխան որոշումներով, իսկ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանն առաջարկեց ջրի ազգային ծրագրի կարճաժամկետ միջոցառումների հետ օրինագծում արձանագրել նաեւ երկարաժամկետ միջոցառումներ, բնակչությանը նույնպես մասնակից դարձնել ջրային ռեսուրսների օգտագործման վերահսկողական աշխատանքներին, ջրի հետ կապված բնակչության պարտքը փոխհատուցել պետության կողմից դեռեւս չվճարված բնակչության ավանդներով:

Եզրափակիչ ելույթում պարոն Այվազյանը հավաստիացրեց, որ առաջարկները կքննարկվեն, ընդունելի համարեց հավելվածների մի մասը օրենքի բաղկացուցիչ մաս դարձնելը, իսկ ջրային ռեսուրսների տնօրինման աշխատանքը գործադիր իշխանությանը վերապահելը պայմանավորեց դրանց օպերատիվ բնույթով:

Քննարկվեց նաեւ առաջին ընթերցման ներկայացված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրինագիծը, որը նպատակ ունի ապահովել այդ տարածքների` որպես բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային եւ այլ արժեք ներկայացնող էկոհամակարգերի, բնության համալիրների ու առաձին օբյեկտների բնականոն զարգացման, վերականգնման, պահպանության եւ օգտագործման պետական քաղաքականության իրավական հիմունքները:

«Օզոնային շե րտը քայքայող նյութերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, ըստ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի, մշակվել է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիայի Մոնրեալի արձանագրությամբ եւ արձանագրության լոնդոնյան եւ կոպենհագենյան ուղղումներով սահմանված երկրի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով: Օրինագծում ամրագրվել են ՀՀ օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ սահմանափակումները եւ դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը, հստակեցվել եւ մանրամասնվել են հիմնական հասկացությունները, ամրագրվել են ՀՀ կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները, ամրագրվել են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծողների իրավունքներն ու պարտականությունները:

Բնապահպանությանն առընչվող մեկ այլ` «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով սահմանվում են բնապահպանական վճարների, հավաքագրվող գումարների նպատակային օգտագործման օրենսդրական երաշխիքները:

ՀՀ Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 3-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am